Ո՞րն է govtravel.am հարթակի դերը

Հարթակի գոյությունը լուծում է ՀՀ գնումների օրենսդրությամբ առաջադրված խնդիրները, ապահովում է թափանցիկություն, հաշվետվողականություն և հրապարակայնություն։
Էլեկտրոնային հարթակում ավիատոմսի արժեքը հանդիսանում է կողմնորոշիչ գին, որին պետք է չգերազանցի տվյալ կառույցի կողմից նույն չափորոշիչներով գնված ավիատոմսի արժեքը։

 

Ովքե՞ր կարող են ավիատոմսեր գնել govtravel.am հարթակից

Հարթակից ավիատոմսերի ձեռքբերում կարող են կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքով «պատվիրատու» հանդիսացողները։
Հարթակից ավիատոմսեր չեն կարող ձեռք բերել ֆիզիկական անձիք և առևտրային կազմակերպությունները։

 

Ի՞նչ իրավական ակտերով է կարգավորվում ավիատոմսերի ձեռքբերման գործընթացը

Ավիատոմսերի ձեռքբերման գործընթացը կարգավորվում է

  • «Գնումների մասին» ՀՀ օրենքով
  • ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2016 թվականի N 982-Ն որոշմամբ
  • ՀՀ կառավարության 1 դեկտեմբերի 2016 թվականի N 1231-Ն որոշմամբ
  • ՀՀ կառավարության 12 դեկտեմբերի 2019 թվականի N 1791-Ն որոշմամբ

 

Ո՞ր կառույցներին են վերաբերում ՀՀ կառավարության 22 սեպտեմբերի 2016 թվականի N 982-Ն որոշման դրույթները

Սույն իրավական ակտը տարածվում է Գնումների մասին ՀՀ օրենքով պատվիրատու հանդիսացող սուբյեկտների վրա։

Այդ իմաստով պատվիրատու են՝

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, պետության կամ համայնքների հիմնարկները,

բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը,

գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները,

դ. պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները,

ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամները կամ ձևավորված միավորումները (միություններ),

զ. պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով,

է. պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամները,

ը. հանրային կազմակերպությունները

 

Արդյո՞ք էլեկտրոնային հարթակը տրամադրում է ամենահարմար երթուղին ամենամրցակցային սակագնով

 

www.govtravel.am հարթակի աշխատանքի տրամաբանությունը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի թիվ 982-Ն որոշման դրույթներից: Հիմնական սկզբունքը ամենամատչելի ավիատոմսի տրամադրումն է: Հատկանշական է որ ամենամատչելի (ամենաէժան) տոմսերը միշտ չէ, որ ամենահարմարն են ուղևորի համար (գիշերային ժամեր, երկար միջանկյալ կանգառների առկայություն, անհարմար նստատեղեր, փոքր բոնուսային մղոններ և այլն), ինչը կարող է առաջացնել որոշակի անհարմարություններ գործուղվող պաշտոնյայի համար, սակայն էապես տնտեսում է հարկատուների միջոցները:

Երաշխավորել, որ որևէ հարթակ միշտ կբերի շուկայում առկա ամենամատչելի տոմսերի տարբերակները, հնարավոր չէ, քանի որ դա կախված է ավիատոմսերի շուկայի առանձնահատկություններից. երբեմն տարբեր գործակալություններն ստանում են տարբեր զեղչեր և կարող են սեփական ռիսկի և նախաձեռնության հաշվին կատարել համապատասխան զեղչեր:

Այդուհանդերձ, համաձայն վերոնշյալ իրավական ակտի դրույթների, եթե պահանջվող ուղղությամբ և անհրաժեշտ ամսաթվերով ավիատոմսի գինը շուկայում ավելի էժան է, քան www.govtravel.am հարթակում, ապա պետական մարմինը պարտավոր է գնում իրականացնել ավելի էժան տարբերակ առաջարկող այլ աղբյուրից:

 

Ի՞նչ դեր ունի 5 տոկոս ծառայության գումարը

Ա) ծառայության գումարի հաշվին մասնակիորեն ապահովվում է «ֆինանսական բուֆերի» դերը ավիաընկերությունների և պատվիրատուների միջև՝ ժամանակին մարելով պատվիրատուների (պետական բյուջեի միջոցների հաշվին գնում իրականացնողները) առկա պարտքերը ավիաընկերություններին՝ գնման գործընթացը չխափանելու համար։

Բ) իր վրա է կրում արտարժույթի փոխարժեքի հետ կապված ռիսկերը.

Գ) ծածկում է պատվիրատուների քարտային վճարումների արդյունքում առաջացող բանկային ծախսերը և այլն։

ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 982-Ն որոշմամբ օպերատորին վերապահված գործառույթները պատշաճ կազմակերպելու նպատակով սահմանված 5 տոկոսի չափով ծառայության գումարն իր մեջ ներառում է պահպանման ծախսեր, փոխհատուցման ենթակա ծախսեր, բանկային ծախսեր, ռիսկերի փոխհատուցում և այլն։

Այս գումարից ՀՀ պետական բյուջե է վերադարձվում.

  • Ավելացված արժեքի հարկը
  • Շահութահարկը
  • Պետական շահաբաժինը

 

Արդյո՞ք ՀՀ պետական բյուջեից է ֆինանսավորվում govtravel.am հարթակի պահպանման և սպասարկման ծախսերը

ՀՀ պետական բյուջեի միջոցներից երբևէ որևէ գումար չի հատկացվել էլեկտրոնային հարթակի ստեղծման, պահպանման և սպասարկման գործառույթի իրականացման համար։

 

Արդյո՞ք ավիատոմսերի դուրսգրումն իրականացվում է Հայաստանից դուրս

Ավիատոմսերի դուրսգրման գործընթացները կազմակերպվում են «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից՝ ք. Երևան, Տիգրան Մեծ 4, 5-րդ հարկ հասցեով։

 

Արդյո՞ք ավիատոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարներն ուղղվում են արտասահմանյան կազմակերպություններին

Հայաստանից և դեպի Հայաստան գրեթե բոլոր ավիաչվերթներն իրականացվում են օտարերկրյա ավիաընկերությունների միջոցով, հետևաբար, անկախ ավիատոմս մատակարարող կազմակերպությունից (լինի հենց ավիափոխադրողը, թե ավիատոմս վաճառող կազմակերպությունը), դրանց ձեռքբերման գումարներն ուղղվում են տվյալ ավիափոխադրողի բանկային հաշվին։